Հետևեք մեզ:
    

Լրատվամիջոցներ

Մեդիա դպրոցում այս ամառ սիրիահայ երեխաներն էին

Ատուր Գույումճյանը
Ատուր Գույումճյանը

14-ամյա Ատուր Գույումճյանը Հայաստան է եկել երկու տարի առաջ ամառային արձակուրդը ընտանիքի հետ հայրենիքում անցկացնելու: «Մենք ամեն վայրկյանը բաց չէինք թողնում վայելել Երևանը հայրիկիս հետ: Մի առավոտ գնացինք Խոր Վիրապ: Վերադարձին հայրիկս զանգ ստացավ, որը փոխեց մեր ճակատագիրը: Զանգել էր հորեղբայրս՝ ասելով՝ ահաբեկիչները ներխուժել են Հալեպ։ Պնդեց, որ չվերադառնանք:»

Այն մասին, թե ինչպես մեկ ժամում իր ընտանիքի կյանքը փոխվեց 180 աստիճանով, Ատուրը պատմում է Հուշատետրակ բլոգի իր առաջին գրառման մեջ:

Բլոգի մյուս հեղինակները նույնպես Հայաստանում ապրող սիրիահայ երեխաներ ու պատանիներ են: Նրանք Ատուրի հետ հուլիսի 7-ից 11-ը մասնակցեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիա դպրոցին: Հենց դպրոցի օրերին էլ բացվեց բլոգն ու հայտնվեցին առաջին գրառումները: Դրանցում խաղաղ ու պատերազմական օրերի հիշողություններ են Սիրիայից և դրվագներ արդեն նոր՝ հայաստանյան կյանքից:  

«Հեշտ չէր հայրիկիցս հարցազրույց վերցնելը, բայց կարողացա:,- խոստովանում է Ատուրը։  Իհարկե լրագրողի աշխատանքին տիրապետելու համար տարիներ են պետք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում ես շատ բան սովորեցի, բայց նաև հասկացա, թե ինչքան շատ բան կա սովորելու:»        

Մեդիա դպրոցում, որը կազմակերպվել էր Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի օժանդակությամբ, սիրիահայ երեխաները ծանոթացան լրագրողական պատմություններ ստեղծելու հիմնական կանոններին ու հնարքներին, սովորեցին վերլուծել ու քննադատաբար ընկալել այն ամենը, ինչ դիտում, լսում կամ ընթերցում են մեդիայում:

«Մեդիան միշտ հետաքրքրել է ինձ: Միշտ երազել եմ լրագրողական դասընթացի մասնակցել ու ավելի շատ բան իմանալ այս մասնագիտության մասին: Ու ահա հասա իմ նպատակին»,- ասում է Մարնի Ինճէյանը: Մարնին 16 տարեկան է, շուտով ավարտելու է դպրոցը ու հնարավոր է ուսումը շարունակի հենց այս մասնագիտությամբ:

Դպրոցի մասնակիցներից ոչ բոլորն են իրենց ապագան հենց այս բնագավառում պատկերացնում, բայց բոլորին հետաքրքիր էր, թե ինչպես է աշխատում մեդիան, ինչպես է նկարահանվում հեռուստահաղորդումը, որտեղից են լրագրողները լուրեր գտնում:   
 
«Մենք ձեզ չենք ասում, որ անպայման լրագրողներ դառնաք,- ասում էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող Արմեն Սարգսյանը հրաժեշտից առաջ։ Մենք ձեզ ասում ենք, որ ուշադիր լինեք ձեզ շրջապատող աշխարհի հանդեպ, որ կարողանք լսել և լավ պատմել: Ինձ համար, օրինակ, դրանից լավ բան աշխարհում չկա, դրա համար ես լրագրող եմ դարձել:»