Հետևեք մեզ:
    

Լրատվամիջոցներ

Կրոնական հանդուրժողականությունը Pop-Up News-ում

#RMRAM հեշթեգի վիճակագրությունը
#RMRAM հեշթեգի վիճակագրությունը

Pop-Up Newsroom-ը վիրտուալ խմբագրություն է, որն անցնում է ակտիվ աշխատանքային ռեժիմով, երբ կա կոնկրետ առիթ կամ թեմա: Pop-Up Newsroom-ի լրագրողները հաճախ իրար չեն էլ ճանաչում: Նրանց վիրտուալ տարածքում միավորում է թեմայի նկատմամբ հետաքրքրությունն ու մասնագիտական նորարարություններին մասնակցելու ցանկությունը:

Մայիսի 6-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հենց այս ձևաչափն օգտագործեց Հայաստանում խղճի ազատության և կրոնական փոքրամասնությունների մասին գրող լրագրողների նյութերն ու դիտարկումները ինտերնետում մեկտեղելու համար:

Մեկ շաբաթ առաջ, ապրիլի 30-ին, թեմայով հետաքրքրված լրագրողների մի խումբը հանդիպել էր փորձագետների հետ և քննարկել կրոնական փոքրամասնություններին առնչվող խնդիրները, վիճահարույց հարցերը, նաև՝ թեման լուսաբանելու դժվարությունները: Այս քննարկումների տպավորություններն ու փորձագետների գնահատականները լրագրողական դիտարկումների տեսքով հայտնվել էին Pop-up-ի մայիսիվեցյան լրահոսում:

Ընդհանուր առմամբ այդ օրը #RMRAM (Religious Minority Reporting-Armenia) հեշթեգով 50-ից ավելի գրառում է արվել Թվիթերում՝ հիմնականում դեպի ծավալուն լրագրողական նյութեր հղումներով: Անընդհատ թարմացվող ժապավենին հետևելով՝ կարելի էր պարզել, թե ովքեր են առավել ակտիվ լուսաբանում թեման Երևանում և մարզերում, ինչ խնդիրներ են ամենից հաճախ հայտնվում նրանց ուշադրության կենտրոնում և ինչ ռեսուրսներ կան ինտերնետում այս թեմայով գրող լրագրողների համար:

Pop-Up Newsroom-ը կազմակերպվել էր Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի «Կրոնական փոքրամասնությունների խմբերի երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. պայքար առցանց անհանդուրժողականության դեմ» ծրագրի շրջանակներում: