Հետևեք մեզ:
    

Լրատվամիջոցներ

Մեր մասին

Ընդհանուր տեղեկություններ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Ինտերնյուս» Մամուլի աջակցության հասարակական կազմակերպության նոր անվանումն է։ Նոր անվանման և տարբերանշանի (լոգո) գրանցումը տեղի է ունեցել 2013 թ.-ի հուլիսի 3-ին։ Անվանափոխությունը ազդարարեց կազմակերպության զարգացման և ինքնորոշման նոր փուլ, սակայն չնշանակեց փոփոխություն առաքելության և արժեքների մեջ, որոնք բխում են այն համոզմունքից, որ առանց անկախ և հզոր լրատվամիջոցների չի կարող լինել քաղաքացիական հասարակություն։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աջակցում է արտահայտման ազատությանը և ազատ լրատվամիջոցների կայացմանը.կազմակերպում է դասընթացներ կայացած եւ սկսնակ լրագրողների համար, նպաստում է է մեդիա գրագիտության տարածմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավման եւ լրագրողների իրավունքների պաշտպանության աշխատանքներին։ Կազմակերպությունը պատրաստում է մեդիա արտադրանք տարբեր թիրախ խմբերի համար՝ մարդու իրավունքների, Եվրոպական ինտեգրացիայի, քաղաքացիական հակամարտությունների, միգրացիայի, ընտրությունների, ազգային փոքրամասնությունների, գենդերային եւ շատ այլ հարցերի մասին։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանում աշխատում է 1995 թ.-ից։ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը գրանցվեց 1996 թ.-ին։     Կազմակերպությունը Ինտերնյուս ինթերնեշնլ ասոցիացիայի հիմնադիրներից ու անդամներից է։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի առաքելությունը

Նպաստել հասարակության բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը՝ ստեղծագործական եւ նորարարական մոտեցումների կիրառմամբ, ազատ եւ անկախ տեղեկատվության ստեղծման ու տարածման միջոցով։  

Կազմակերպության նպատակներն են՝

  • աջակցել մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրականացմանը,
  • աջակցել հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվության ստեղծմանը,
  • աջակցել ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանը, 
  • աջակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացի մասնակիցների վերապատրաստմանը,
  • զարգացնել մեդիա կրթությունը և գրագիտությունը, ձևավորել լրատվության կրթված սպառող,
  • աջակցել տեղեկատվության ոլորտում նորարար մոտեցումներին և սոցիալական մեդիայի նոր դրսևորումներին,
  • աջակցել իրավական դաշտի օպտիմալացմանը և կատարելագործմանը՝ ապահովելով լրատվամիջոցների ազատ գործունեությունը, տեղեկատվության ազատ հոսքը, այդ թվում նաև տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը,
  • օգտագործել մեդիան հանրային կարևորության տարբեր հարցերի քննարկման համար, այդ թվում՝ սոցիալական, բնապահպանական, տնտեսական, խաղաղասիրական, մարդու իրավունքներին առնչվող,
  • աջակցել կարևոր հասարակական իրադարձությունների լուսաբանմանը,
  • խթանել մեդիա գործիքների օգտագործումը կրթական գործընթացներում,
  • տարածել մեդիան հասարակության լայն շերտերում՝ օգտագործելով տարբեր ավանդական և նորարարական մեթոդներ։

Կազմակերպության խնդիրներն են՝

  • մեդիա մասնագետների համար ստեղծել կրթական ծրագրեր, անցկացնել սեմինարներ, որակավորման դասընթացներ, վարպետության դասեր և այլ ուսումնական միջոցառումներ,
  • պրոակտիվ մասնակցել մեդիա կրթության տարածմանը, մեդիա գրագիտության լայնածավալ կիրառմանը,ստեղծել հաղորդակցության ոլորտում տարբեր առարկաների ակադեմիկ և ոչ ֆորմալ ուսումնական ծրագրեր և անցկացնել դասընթացներ՝ մեդիա կրթության գործընթացի մեջ ներգրավված տարբեր տարիքային ու մասնագիտական խմբերի համար,
  • զարգացնել ստեղծագործական և քննադատական մոտեցումներ մեդիա արտադրանք ստեղծողների և սպառողների մոտ,
  • աջակցել այլընտրանքային և նորարարական մոտեցումները մեդիա բովանդակության ստեղծման ընթացքում, ստեղծել սեփական նորարարական մեդիա բովանդակություն՝ տեսաձայնային, տպագիր և մուլտիմեդիա արտադրանք,
  • աջակցել քաղաքացիական լրագրության զարգացմանը, հետաքրքրված քաղաքացիներին սովորեցնել լրատվության ստեղծման և տարածման հիմունքները, լայնացնել ինֆորմացիա ստեղծողների շրջանակը՝ ուսուցանելով և մոտիվացնելով,
  • անցկացնել մասնագիտական ստեղծագործական մրցույթներ, փառատոններ,
  • մասնագիտացված խորհրդատվություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցների լրագրողներին, պրոդյուսերներին և լրատվական դաշտի այլ մասնագետներին,
  • կազմակերպել և անցկացնել ստեղծագործական և կազմակերպչական աուդիտներ լրատվամիջոցների համար,
  • տրամադրել տեխնիկական աջակցություն կրթական և այլ ոչ-առևտրային նպատակների համար,
  • աջակցել լրատվամիջոցների տեխնոլոգիական զարգացմանը, նպաստել կոնվերգենցիայի գործընթացներին, բարձրացնել լրագրողների և մեդիա դաշտի այլ մասնագետների տեխնոլոգիական կրթվածության մակարդակը,
  • աջակցել հավասարակշիռ և բազմակողմանի տեղեկատվության ստեղծմանը և տարածմանը՝ հասարակական նշանակալի իրադարձությունների ժամանակ,
  • անցկացնել հաղորդակցության ոլորտում հետազոտություններ՝ այդ թվում լրատվության պահանջարկի, գովազդի և արտադրանքի մասով,
  • մասնակցել տեղեկատվությունն ազատ ստանալու և տարածելու, զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական լրատվամիջոցների, հաղորդակցման հարթակների գործունեության վրա ազդեցություն ունեցող օրենքների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի մշակմանը և բարելավմանը,
  • ակտիվորեն մասնակցել լրատվական գործընթացում ներգրավված տարբեր խմբերի ինքնակարգավորման համակարգերի մշակման եւ կիրառման գործընթացներին,
  • զարգացնել մեդիաքննադատությունը և մեդիավերլուծությունը, պատրաստել համապատասխան մասնագետներ,
  • իրավական օգնություն տրամադրել լրագրողներին և զանգվածային լրատվամիջոցներին՝ իրենց շահերի և իրավունքների պաշտպանման համար,
  • նպաստել տարածաշրջանում խաղաղասիրական գործընթացներին, հակամարտությունների կարգավորմանը և կանխարգելմանը, երկխոսության հաստատմանը, փակ թեմաների քննարկմանը՝ օգտագործելով մեդիան որպես միջոց և գործիք եւ պատրաստելով աուդիովիզուալ արտադրանք՝ լայնացնելու այս գործընթացի մասնակիցների շրջանակը,
  • նպաստել վավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը, պատրաստել տեսաձայնային արտադրանք, որպես լրացուցիչ մեթոդոլոգիական գործիք կրթության եւ այլընտրանքային տեղեկատվության տարածման համար,
  • բարձրացնել լրագրողի մասնագիտության համբավը և հեղինակությունը, ակտուալիզացնել լրագրության նշանակությունը հասարակության համար,
  • աջակցել մեդիա պահոցների կարգավորմանը, կառավարմանը և համալրմանը, ինչպես նաև դրանց հասանելիության ապահովմանը հանրության համար,
  • կազմակերպել մեդիա արշավներ հանրային նշանակություն ունեցող տարբեր հարցերով՝ իրազեկման և հասարակական հնչեղության նպատակով,
  • աջակցել հաղորդակցման, լրատվության, լրատվական կրթության ոլորտներին առնչվող դասագրքերի և ձեռնարկների ստեղծմանը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրողների վարքականոնը

Առաջնորդվելով իր առաքելությամբ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ընդունում է լրագրողական աշխատանքի հետեւյալ սկզբունքները.

    1. Ազատություն

1.1 Մենք պաշտպանում ենք խոսքի ազատությունը։ Գրաքննության, տեղեկատվության ցանկացած սահմանափակում վտանգում է հանրությանը ծառայելու մեր առաքելությունը։


1.2 Մենք դատապարտում ենք տեղեկատվություն մատուցելուն  եւ ստանալուն միտված բոլոր խոչընդոտերը՝ դա համարելով ոտնձգություն ազատ լրատվության դեմ։


1.3 Մենք ընդունում ենք մեկնաբանության եւ քննադատության ազատությունը, եթե այն հիմնված է ճշտված փաստերի վրա եւ հստակորեն տարբերակված է ենթադրություններից ու վարկածներից։ 

    2. Արդարություն

2.1 Մենք համոզված ենք, որ լրագրողն իրավունք չունի կատարել առեւտրային կամ քաղաքական պատվեր, պատրաստել կամ տարածել տեղեկատվություն, որը քողարկված գովազդ է պարունակում։ Մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ ցանկացած ճնշում չի կարող ազդեցություն ունենալ տեղեկատվությունը բազմակողմանի, ճշմարիտ, ամբողջական, որակյալ եւ հրատապ ներկայացնելու վրա։


2.2 Մենք կարծում ենք, որ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, հեղինակային իրավունքը, տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեղեկություններ չհայտնելու իրավունքը մշտապես հարգվում են։ Դրանք կարող են մի կողմ դրվել, երբ  մարդուն, հասարակությանը ծանր ու անխուսափելի վտանգ է սպառնում։


2.3 Մենք աշխատում ենք իրողությունը բացահայտելու ճանապարհին զերծ մնալ   փաստաթղթեր, նյութեր գտնելու, հարցազրույցներ ստանալու անարդար միջոցներից։ Անուղղակի ճանապարհով ձեռք բերված տեղեկությունները պետք է ճշտվեն հատուկ ջանադրությամբ։

    3. Արժանապատվություն

3.1 Փաստերը չի կարելի ծառայեցնել մարդուն կամ կազմակերպությունն անվանարկելուն, վիրավորելուն կամ նսեմացնելուն։ Մարդու ազգությունը, ռասան, կրոնը, ֆիզիկական եւ մտավոր վիճակը չի կարելի պիտակավորել։


3.2 Բռնության զոհ դարձած անձանց, անբուժելի կամ ծանր հիվանդներին, հանցագործներին ցուցադրելու եւ նրանց հարազատների անունները հրապարակելու համար պետք է ստանալ վերջիններիս համաձայնությունը։ Խորը վիշտ, հոգեկան ցնցում ապրող անձինք, անչափահասները պետք է ազատ լինեն լրագրողների անհարկի հետապնդումներից։


3.3 Էական սխալը, մոլորեցնող կամ խեղաթյուրված հաղորդագրությունը պետք է անհապաղ ճշտել։ Վարկի, արժանապատվության, նյութական վնաս կրած անձանց ու կազմակերպությունների հերքումները պետք է հրապարակվեն առանց իմաստային էական փոփոխությունների։

    4. Հավասարություն

4.1 Մենք սպասարկում ենք հասարակության բոլոր խմբերին՝ անկախ նրանց քաղաքական, տնտեսական եւ գաղափական ուղղվածությունից։ Բարեկամական, ազգակցական, ընկերական  եւ այլ կապերը ոչ մի կերպ չեն կարող փոփոխել մեր որդեգրած հավասարության սկզբունքները։    


4.2 Մենք նախընտրում ենք հիմնավորել տեղեկատվությունը հնարավոր բոլոր աղբյուրներով, հետաքննություն անցկացնել՝ չսահմանափակվելով ակնհայտով, հետաքրքրաշարժով կամ մակերեսայինով։


4.3 Մենք փոխգործակցությունը համարում ենք աշխատանքի սկզբունք։ Մշտապես աջակցում եւ օժանդակում ենք մեր բոլոր գործընկերներին, համակիրներին։ Օգնում ենք բոլոր նրանց, ովքեր նպատակների, կոչման, գործի, մասնագիտության բերումով դիմում են մեզ։    

    5. Հանդուրժողականություն

5.1 Մեր գործունեության եւ աշխարհայացքի գերակա գործոնը հանդուրժողականությունն է։ Կրոնական, ազգային, ռասայական, կուսակցական եւ այլ պատկանելության անձանց, խմբավորումներին, կազմակերպություններին մենք վերաբերվում ենք որպես մեր հասարակության լիիրավ անդամների՝ տեղեկացնելու եւ տեղեկացվելու իրենց իրավունքով։


5.2 Մենք պարտավորվում ենք նպաստել հասարակական երկխոսությանը, կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը։ Հասկանում ենք, որ մեր գործունեությամբ ոչ մի կերպ չենք պառակտելու հասարակությունը, չենք պարսավելու հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական այլ նախաձեռնություններ։

 

Մենք հաշվետու ենք հանրության առջեւ եւ պարտավոր ենք ի գիտություն ընդունել, նկատի ունենալ ոչ միայն մեզ ուղղված գովասանքը, այլեւ քննադատություններն եւ դժգոհությունները հավասարապես։